Հայ խոհարար Արսեն Արմենակյանը Շանհայում անցկացված WorldSkills 2026 միջազգային մասնագիտական հմտությունների մրցույթում արժանացել է «Մասնագիտական գերազանցության մեդալի» (Medal for Excellence), հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Արմենակյանը մասնակցել է «Խոհարարություն» անվանակարգին, որտեղ զբաղեցրել է 14-րդ տեղը՝ հավաքելով 712 միավոր։ Նա նաև ստացել է Best of Nation մրցանակը՝ որպես Հայաստանի հավաքականի լավագույն արդյունք գրանցած մասնակից։
Հայաստանից մրցույթին մասնակցել է նաև Արամայիս Հայրապետյանը՝ «Բջջային հավելվածների մշակում» (Mobile Applications Development) անվանակարգում, որտեղ նա զբաղեցրել է 13-րդ տեղը՝ հավաքելով 683 միավոր, ինչպես նաև Լուիզա Զաքարյանը՝ «Նորաձևության տեխնոլոգիա» (Fashion Technology) անվանակարգում, որտեղ զբաղեցրել է 24-րդ տեղը՝ 663 միավորով։
WorldSkills-ի տվյալներով՝ «Մասնագիտական գերազանցության մեդալը» շնորհվում է այն մասնակիցներին, որոնք մրցույթում ցուցադրում են համաշխարհային չափանիշներին համապատասխան մասնագիտական վարպետություն։
WorldSkills Shanghai 2026-ն անցկացվել էր սեպտեմբերի 22-27-ը՝ Չինաստանի Շանհայ քաղաքում։ Մրցույթին մասնակցել է շուրջ 1400 մասնակից՝ մոտ 70 երկրից և տարածաշրջանից, որոնք մրցել են 64 մասնագիտական հմտությունների անվանակարգում։
Հայաստանը WorldSkills շարժմանը միացել էր 2012 թվականին։ 2026 թվականի մրցույթում երկիրը ներկայացրել է երեք մասնակից՝ երեք տարբեր մասնագիտությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







