«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցին նվիրված հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խաղաղությունը չի կարող լինել «պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա»։
Կուսակցությունը չի ընդունում «պարտության քաղաքականությունը՝ որպես խաղաղության գին» և խոստանում է խաղաղություն՝ «առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների»։
Կուսակցության գնահատմամբ՝ իշխանություններն այսօր խաղաղությունը ներկայացնում են որպես իրենց քաղաքականության «գլխավոր ձեռքբերում», մինչդեռ խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը։
Կուսակցությունը հիշեցրել է, որ գործող իշխանությունը խոստանում էր հաղթանակ, սակայն բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։ Խոստանում էր խաղաղություն, սակայն, ըստ հայտարարության, բերեց «երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ»։
«Հաղթանակած պետությունից վերածվեցինք պարտվածի։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունից մնաց միայն վերջը»,- նշված է հայտարարությունում։
«Ուժեղ Հայաստանի» առաջարկած խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։ Կուսակցության կարծիքով՝ Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, բանակցային ուժեղ դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ և մրցունակ տնտեսությամբ։
«Չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնամասշտաբ պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ։ Ռազմական գործողությունները տևել էին 44 օր և ավարտվել նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո։ Հայաստանի իշխանությունները, սակայն, հրաժարվել են սեպտեմբերի 27-ը հայտարարել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը կրկին հարձակվել էր շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Ավելի քան 100 000 արցախցի բռնի տեղահանվել էր Հայաստան։
Կարդացեք նաև՝
Վեց տարի առաջ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







