ՀՀ քաղաքացիները կկարողանան սեփական միջոցներից գումար փոխանցել զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին, ապա այդ ծախսերի մի մասը հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին։ Որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում, ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ըստ այդմ՝ նվիրատվություններն առաջարկվում է ներառել սոցիալական ծախսերի շրջանակում։ Ներկայում գործող համակարգը հնարավորություն է տալիս եկամտային հարկից փոխհատուցում ստանալ կրթության և առողջապահության ոլորտներում կատարված որոշ ծախսերի համար։
Փոխհատուցման առավելագույն չափը, ինչպես նաև ԶԼՄ-ների, ՀԿ-ների և կուսակցությունների շրջանակն ու նրանց ներկայացվող չափանիշները կսահմանի կառավարությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը ժողովրդավարական բարեփոխումների հերթական փուլ է անվանել՝ նշելով, որ այն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին հնարավորություն կտա ունենալ «ժողովրդական ֆինանսավորում»։
Նրա խոսքով՝ մեխանիզմը նաև կնպաստի համընդհանուր հայտարարագրման համակարգի տարածմանը, քանի որ այդ կառույցները շահագրգռված կլինեն քաղաքացիներին ներկայացնել դրա հնարավորությունները։ Փաշինյանը նշել է նաև, որ քաղաքացիների կողմից եկամուտների ավելի ճշգրիտ հայտարարագրումը կօգնի բարձրացնել պետության սոցիալական քաղաքականության հասցեականությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ հաճախ նկատելի է լրատվամիջոցների կամ կուսակցությունների կախվածությունն առանձին անձանց կամ խմբերից, երբեմն՝ նաև օտարերկրյա անձանցից կամ պետություններից։
Նրա գնահատմամբ՝ նոր մեխանիզմը քաղաքացիներին հնարավորություն կտա մասնակցել այդ կառույցների ֆինանսավորմանը, իսկ ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը կարող է մեծացնել դրանց անկախությունը։
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ՝ գործում է սոցիալական ծախսերի փոխհատուցման մեխանիզմ։ Այն հնարավորություն է տալիս հայտարարատուներին վճարված եկամտային հարկից հետ ստանալ իրենց կամ ընտանիքի անդամների համար կրթության և առողջապահության ոլորտներում կատարված որոշ ծախսերի մի մասը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







