Հայաստանում երկու նոր գործընկերային «Ռուսական տուն» կբացվի՝ Արտաշատում և Աշտարակում, հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Իգոր Չայկան սեպտեմբերի 8-ին ստորագրել է 11 նոր «Ռուսական տուն» բացելու վերաբերյալ համաձայնագրեր։ Մինչ այժմ գործակալության գործընկերային ցանցում ընդգրկված էր 22 երկրում գործող 25 «Ռուսական տուն»։ Նոր կենտրոններ կբացվեն նաև աֆրիկյան 8 երկրում և Թաիլանդում։
«Մեր հարաբերություններն ընտանիքի պես են։ Ընտանիքում տարբեր իրավիճակներ են լինում, բայց ընտանիքը մնում է ընտանիք»,- նշել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը։
Նոր կենտրոններն զբաղվելու են ռուսաց լեզվի, ռուսական կրթության, գիտության և մշակույթի տարածմամբ, ինչպես նաև երիտասարդական, պատմական և մարդասիրական ծրագրերի իրականացմամբ։ Գործակալությունը նախատեսում է խստացնել կենտրոնների աշխատանքի վերահսկողությունն ու ներդնել դրանց արդյունավետության գնահատման համակարգ։
2027 թվականից նախատեսվում է նաև միկրոդրամաշնորհների ծրագրի մեկնարկը։ Կրթական, մշակութային, գիտատեխնոլոգիական, երիտասարդական և պատմական նախագծերի ֆինանսավորման համար կարող են դիմել անհատներ, նախաձեռնող խմբեր և հասարակական կազմակերպություններ։
2025 թվականի ապրիլին Տաշիրում բացվել էր Հայաստանում գործող 12-րդ Ռուսական կենտրոնը։ Այն նախատեսված է ռուսաց լեզվի ուսումնասիրման, ռուսական գրականությանը, պատմությանն ու արվեստին ծանոթանալու, ինչպես նաև կրթական ու ստեղծագործական ծրագրերի իրականացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







