Հայաստանը հայտնվել է այն երեք երկրների շարքում, որոնց մասին ռուսաստանցի զբոսաշրջիկների կարծիքը դրական է այցելությունից հետո, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Kupibilet» ծառայության իրականացրած ուսումնասիրությունը։
Տվյալների համաձայն՝ առաջին հորիզոնականում են հայտնվել Հայաստան, Վրաստան և Բելառուս կատարված ուղևորությունները, որոնց վերաբերյալ հարցվածների 33 տոկոսը նշել է, որ դրանք գերազանցել են իրենց սպասելիքները։
Երկրորդ տեղում են Ռուսաստանի ներսում կատարված ուղևորությունները՝ 24 տոկոս ցուցանիշով, ինչպես նաև ասիական երկրներ, մասնավորապես՝ Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ և Հարավային Կորեա կատարած ուղևորությունները՝ 18 տոկոս։
Միաժամանակ նշվում է, որ եվրոպական երկրներ կատարած ուղևորությունները չեն արդարացրել ռուսաստանցի զբոսաշրջիկների 61 տոկոսի սպասելիքները։ Ասիական երկրները հիասթափեցրել են հարցվածների 21 տոկոսին, իսկ աֆրիկյան ուղղությունները՝ 5 տոկոսին։
Հարցմանը մասնակցել են Ռուսաստանի՝ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքների ավելի քան 1200 չափահաս բնակիչներ։
Վերջին տարիներին Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար կարևոր ուղղություն՝ պայմանավորված առանց վիզայի ռեժիմով, ուղիղ ավիահաղորդակցությամբ և ռուսալեզու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացած լինելու հանգամանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







