Հայաստանը զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը Henley Passport Index-ի անձնագրերի թարմացված համաշխարհային վարկանիշում, տեղեկանում ենք վարկանիշի թարմացված տվյալներից։
Անցյալ տարվա համեմատ երկիրը բարելավել է իր դիրքը մեկ աստիճանով՝ 74-րդ տեղից բարձրանալով 73-րդ։ Վարկանիշի համաձայն՝ հայկական անձնագիր ունեցողները կարող են առանց նախնական վիզայի ստացման այցելել 64 երկիր և տարածք։ Միևնույն ժամանակ, Հայաստանի անձնագիրը նախկինի պես չի տալիս առանց վիզայի մուտքի հնարավորություն Շենգենյան գոտու երկրներ։
Henley Passport Index-ը ձևավորվում է այն երկրների և տարածքների քանակի հիման վրա, ուր անձնագրի տերերը կարող են այցելել առանց նախնական վիզայի ձևակերպման։ Ցուցիչն ընդգրկում է 199 անձնագիր և 227 ուղղություն ու թարմացվում է ամեն ամիս։
Վերջին տարիներին վարկանիշում Հայաստանի դիրքերն աստիճանաբար բարելավվում են։ 2024 և 2025 թվականներին երկիրը զբաղեցնում էր 74-րդ տեղը, իսկ 2026 թվականին բարձրացել է 73-րդ հորիզոնական։ Հայաստանի ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2015 թվականին, երբ երկիրը 87-րդ տեղում էր։






































