Լոռու մարզի Ագարակ համայնքի բնակիչներն «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին ներկայացրել են գյուղի հիմնական խնդիրները՝ նշելով կայուն աշխատատեղերի և տրանսպորտի բացակայությունը։
Բնակիչների խոսքով՝ գյուղում աշխատանքը հիմնականում սեզոնային է, իսկ մշտական զբաղվածություն գրեթե չկա։ Նրանցից մեկը նշել է, որ գյուղում աշխատատեղերի ստեղծումը կարող է լուծել բնակիչների սոցիալական խնդիրների մի մասը։
Ագարակցիները բարձրաձայնել են նաև տրանսպորտի խնդիրը։ Նրանց խոսքով՝ արդեն երկու-երեք ամիս է՝ գյուղից Ստեփանավան կանոնավոր երթուղի չի գործում, քանի որ վարորդը հիվանդ է։ Դրա հետևանքով բնակիչների համար դժվարացել է քաղաք հասնելը։
Կարապետյանը Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Ստեփանավանում հայտարարել էր, որ հետընտրական շրջանում քաղաքական ուժը մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բարձրացնել բնակիչների խնդիրներն Ազգային ժողովում և աջակցել դրանց լուծմանը։ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը Armenia Today-ին նաև հայտնել էր, որ քաղաքական ուժը մտադիր է փոփոխությունները սկսել մարզերից, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հասնել հաղթանակների։





































