Հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:
Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ Շենգավիթ վարչական շրջանում միջոցառում է կազմակերպվել մեկ տասնյակից ավել երեխաների ու մեծահասակների մասնակցությամբ։
Վարչապետն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







