Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ նորագույն անվտանգային պաշտպանիչներով և հատուկ մշակված դիզայնով։
Ըստ հրապարակված տեսանյութի՝ անձնագրի համար օգտագործվել է Lasing Origin լազերային փորագրման տեխնոլոգիա՝ ինտեգրված բարձր հստակությամբ գունավոր դիմանկարով: Քարտի վրա առկա է նաև լրացուցիչ դիմանկար՝ 3d էֆեկտով։
Ըստ ՆԳՆ-ի՝ օգտագործվել է տպագրության flow print տեխնոլոգիա՝ շարժման և ռելիեֆայնության էֆեկտով և հոլոգրամ դիֆրակցիոն գունավորմամբ։ Դիզայնը և գրառումները տեսանելի են ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
Քարտի մեջ ներդրված են հայկական մշակութային ժառանգության տարրեր՝ անվտանգ միկրոտեքստով ու դրական և բացասական գիլյոշային նախշերով։ Անձնագրի ռելիեֆը շոշափելի է։ Այն ունի անվտանգային կրիչ, որը նախատեսված է թվային ծառայությունների, հեռավար թարմացումների, հավելվածների ներբեռնման և նույնականացման քարտի իսկության ստուգման համար։
ՆԳՆ-ն 2025 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Այս տարվա սկզբից Հայաստանում սկսվել է աշխատանքային հարաբերությունների թվայնացման գործընթացը, որի համար պարտադիր է նույնականացման քարտի առկայությունն ու էլեկտրոնային ստորագրությունը։




































