Մասաչուսեթսում բնակվող 111-ամյա Մերի Վարդանյանը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, այսօր համարվում է կենդանի պատմություն։
Վարդանյանն ապրում է Ջամայկա Փլեյնում գտնվող հայկական խնամքի կենտրոնում։ Ծնվել է 1914 թվականին Այնթապում՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Հայոց ցեղասպանության տարիներին, երբ սպանվել էր շուրջ 1,5 մլն հայ, նա կարողացել է փրկվել։
Ավելի ուշ ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ։ Ընտանիքն ապրել է Հալեպում և Բեյրութում, ապա 1967 թվականին տեղափոխվել ԱՄՆ՝ հաստատվելով Մասաչուսեթսում։ Այստեղ նա աշխատել է գործարանում, մեծացրել ընտանիքը և ակտիվ մասնակցել համայնքային կյանքին։
Վարդանյանն իր երկարակեցությունը կապում է հավատքի, կարգապահ կյանքի և ծառայության հետ՝ նշելով, որ երջանկությունը գտել է պարզ կյանքի և ուրիշներին օգնելու մեջ։
2024 թվականին՝ 109 տարեկանում, նրան մեծարել են Մասաչուսեթսի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ընթացքում։
Ընտանիքի խոսքով՝ նրա կյանքը հիշեցում է անցյալի մասին և օրինակ է ապագայի համար։ 111 տարեկանում Վարդանյանը շարունակում է մնալ կենդանի վկայություն այն պատմության, որը, չնայած որոշ երկրների կողմից ժխտմանը, ճանաչված է աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից։
Կարդացեք նաև՝
Հայոց ցեղասպանություն․ միջազգային ճանաչման ուղին և ժխտման ռիսկերը
Մոռացության ռիսկերը. ինչո՞ւ է անհնար կայուն խաղաղություն կառուցել Ցեղասպանության ժխտման պայմաններում




































