Ապրիլի 24-ի ուխտի օրն աղոթք բարձրացրիք առ աստված, որ հայոց ազգը սիրով միաբան և հոգով աննկուն լինի, պատվիրաններով ու պատգամներով կերտի բարեշեն, առաջընթացն ու հզոր կյանքը խաղաղության ու անվտանգության պայմաններում, ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեց ավելի քան 120 000 արցախցի։
«Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը»,- շեշտել էր նա։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:
Կարդացեք նաև`
Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի





































