«Ագարակ» մաքսային անցման կետում կանխվել է Իրանից Հայաստան 18 520 տուփ ծխախոտի ներմուծման փորձը, տեղեկացնում է ՀՀ պետական եկամուների կոմիտեն։
Նշվում է, որ «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ:
ՊԵԿ աշխատակիցների զննության արդյունքում տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից, բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից, հայտնաբերվել է 18 520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:
Հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:




































