Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործած «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն ՓԲԸ-ի լուծարումից շուրջ երկու տարի անց բժշկական անձնակազմը շարունակում է սպասել իր հասանելիք աշխատավարձերին, քանի որ քաղաքային իշխանություններն աշխատողներին շուրջ կես տարվա գումար են պարտք, հայտնում է «Հրապարակը»։
Աշխատակիցները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ։
Ծննդատան նախկին աշխատակից, անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը թերթին հայտնել է, որ «օրեր առաջ քաղաքապետարանից վճարման խոստումներ են հնչել, սակայն բազմաթիվ նմանատիպ դեպքերից հետո անձնակազմն այլևս չի հավատում դրանց»։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը խոստացել է ավելի ուշ Armenia Today-ին մեկնաբանել քաղաքապետարանի դիրքորոշումը։
Ծննդատունը 2020 թվականից հանձնվել էր հավատարմագրային կառավարման։ 2022-ից կառավարիչը դադարել էր կատարել իր պարտավորությունները, ինչից հետո Երևանի քաղաքապետարանն սկսել էր պայմանագրի խզման և դատական գործընթաց, որն ավարտվել էր 2024 թվականի ապրիլի 29-ին։






































