Դպրոցականների շրջանում թմրամիջոցների «համատարած օգտագործման» մասին պնդումներն անհիմն են, հայտարարել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին» վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ, իր հերթին, այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով, իր հրապարակմամբ, անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
«ՆԳՆ որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։ Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ»,- ասել է նա։
Սարգսյանը հիշեցրել է նախորդ տարվա աղմկահարույց դեպքը Մխչյան բնակավայրի դպրոցում, երբ համացանցում տարածվել էր տեղեկություն, թե «աշակերտի քթին թմրանյութ են քսել»։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, նշանակվել էին փորձաքննություններ, որոնց արդյունքներով թմրամիջոցի առկայություն չէր արձանագրվել։ Սակայն, ինչպես նշում են նա, հերքված տեղեկությունը նույն ծավալի հանրային քննարկում չի ստացել։
ՆԳՆ խոսնակն ընդգծել է, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք էր արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։
«Մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս»,- ասել է նա։
ՆԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց՝ ընդգծելով, որ անչափահասների վերաբերյալ յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է հանգեցնել պիտակավորման և բացասական հետևանքների։





































