2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







