Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։ Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների»,- նշել է Թաթոյանը։
ՀՀ ՄԻՊ-ը սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրել է այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։
Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իր անմիջական ուշադրության ներքո, իսկ ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի երեխա ունենալու վերաբերյալ սկանդալային գրառում էր կատարել ֆեյսբուքյան օգտատեր Արման Խաչատուրյանը՝ նշելով, որ ուրախ է, որ հայկական ավիացիան կործանած Ռևազյան Տաթևիկը աղջիկ է ունեցել, ոչ թե տղա, քանի որ նրանից ծնված տղան կդառնար Սաֆարյան Ստոպիկի պես մի բան, իսկ աղջիկը մորը կքաշի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







