ՀՀ պաշտպանության նախարարությունը կոլեգիայի նիստ է անցկացրել՝ 2025 թվականի արդյունքները ամփոփելու և առաջիկա ժամանակահատվածի առաջնահերթությունները որոշելու համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Ըստ գերատեսչության՝ քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026թ․ գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈւ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Նիստի ավարտին 2025-ին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ:






































