Երևանի մանկապարտեզներում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը և երեխային պահող չկա, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Կառավարության մամուլի կենտրոնում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Վիրաբյանը հայտնեց, որ հարցման միջոցով պարզվել է, որ այդպիսի կարգավիճակում է 11.000 ծնող, որոնց երեխաները մայիսի 20-ին վերսկսելու են մանկապարտեզ գնալը:
Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ ծնողների մուտքը մանկապարտեզ արգելված է, մուտքի մոտ առանձնացված տարածքում երեխաները ջերմաչափվելու են: Այնուհետև օրվա ընթացքում մի քանի անգամ ևս ջերմաչափում են իրականացնելու:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ ախտահանման աշխատանքները սկսել են այսօրվանից:
«Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, քանի դեռ մենք ապրում ենք համավարակի պայմաններում»,- ասաց Վիրաբյանը։
Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ մանկապարտեզներում սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար գործելու են սննդի նոր փաթեթավորման ավելի անվտանգ պայմաններ:
Ինչ վերաբերում է մանկապարտեզների աշխատակիցներին, նրանք, ովքեր կլինեն վատառողջ, աշխատանքի չեն հաճախի, բայց կվճարվեն 100%-ով: Այն աշխատակիցները, որոնք ռիսկային գոտում չեն, բայց չեն ցանկանում վերադառնալ աշխատանքի, կվճարվեն, բայց ոչ ամբողջովին, այլ հարկադիր պարապուրդի տարբերակով, իսկ աշխատանքի գնացող աշխատակիցների խրախուսելու այլ միջոցներ են նախատեսում:
«Սա մեզ համար նաև ինչ-որ առումով փորձություն է, ու այն աշխատակիցները, որոնք կփորձեն վտանգել երեխաների առողջությունը, շատ արագ կհեռացվեն աշխատանքից»,- ասաց փոխքաղաքապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







