Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամերիկացի գործարար, գյուտարար, Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի Starlink գլոբալ արբանյակային համակարգը Հայաստանում շահագործելու թույլտվություն և լիցենզիա է տվել, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀԾԿՀ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը։ Լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս եմ, մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- հավելել է նախարարը։
Հայրապետյանը մանրամասնել է, որ ընկերությունը լիցենզիա է ստացել Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցից, և կկարողանա օգտվել ռադիոհաճախականությունների տիրույթներից։
Հունիսի 14-ին Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։
Մասկը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին։ Նա ուղերձ է հղել Երևանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ` ընդգծելով Հայաստանում Starlink-ի և արհեստական ինտելեկտի հնարավորությունների հետ կապված ծրագրերի մեկնարկի մասին։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղադրվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի էր։