Արձագանքելով բուհի ուսանողների բազմաթիվ դիմումներին՝ ֆորսմաժորային այս իրավիճակում ուսման վարձերը պետք է զեղչել առնվազն 25 տոկոսով։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե մենք ճանապարհային քարտեզ ենք մշակել, միջոցառումներ ենք ձեռնարկել սոցիալական տարբեր թիրախային խմբերի համար, լավ և ճիշտ ենք արել, ապա ուսանողները, որոնց ծնողների գերակշիռ մեծամանսությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այսօր զրկված է աշխատելու հնարավորությունից, և որպես հետևանք չի կարողանալու ուսման վարձերը վճարել, միջոցառումների մի փաթեթ էլ պետք է նախատեսվի այդ ուսանողների համար։ Նրանց ուսման վարձը գոնե 25 տոկոսով պետք է զեղչվի», — ասաց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներևս արտահայտեցին իրենց կարծիքն հարցի առնչոությամբ։ Սերգեյ Բագրատյանը առաջարկեց նախագիծը մշակել և օգնել անապահով ուսանողներին՝ գոնե երեք ամսով ուսման վարձը հետաձգելով:
Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք օգնությունը առաջարկում են սուբսիդավորման տարբերակով, քանի որ եթե դասախոսներն էլ իրենց աշխատանքը անում են հեռավար ուսուցմամբ, նշանակում է, որ իրենց եկամուտներն էլ պետք է չպակասեն:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ բուհերում սկսել են ուսանողներից վարձեր պահանջել՝ առանց որևէ զեղչի։ Օրավարձով գրանցված կամ չգրանցված աշխատողների մասով օրական լիքը դիմումներ են ստանում, բուհերում հստակ զեղչային համակարգ չի գործում և թե խորհրդարանի, թե կառավարության մոտեցումն այս հարցում, ըստ Էնֆիաջյանի, պետք է հստակ լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







