Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին: Այս մասին հայտնում է Վարչապետիմամուլի ծառայությունը։
Ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը:
Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել Հայաստանում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: «Կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և բարձր մակարդակով անցկացմանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







