Կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերել:
«Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Հայտնաբերվել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրա: Սա հազվագյուտ և փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նա:
Հայաստանի համար մյուս նոր տեսակը՝ Sympetrum arenicolor, հայտնաբերվել է Վեդիի և Խոր Վիրապի շրջակայքում, 2019թ.-ի աշնանը:
EcoNews.am-ի հետ զրույցում կենդանաբան Վասիլ Անանյանը, հայտնել է, որ ուսումնասիրության մասին ամբողջական հոդվածը լույս կտեսնի գարնանը:
Վասիլ Անանյանը նշել է, որ տեսակը Հայաստանում կա սառցե ժամանակաշրջանից մինչ այսօր, դա ռելիկտային տեսակ է, սակայն մարդիկ մինչև այսօր չեն տեսել, չեն հայտնաբերել:
Խոսելով կենդանատեսակի տարածվածության մասին` Վասիլ Անանյանը նշել է, որ համաշխարհային մակարդակով Aeshna juncea-ը լայն տարածված տեսակ է, ամբողջ Եվրասիայով, նաև՝ Հյուսիսային Ամերիկայով:
Ըստ նրա՝ Sympetrum arenicolor տեսակը, որը հայտնաբերվել է «Խոր վիրապ» պետական արգելավայրի տարածքում, տասնամյակներ շարունակ մարդու կողմից արդեն իսկ ձևափոխած կենսամիջավայրում է ապրում:
«Այս տեսակը մարդու փոփոխության հետևանքով «բենեֆիտներ» է ձեռք բերել, իրեն այնտեղ ոչ մի բան չի սպառնում, այդ հսկա տարածքում, ճահճուտներում ապրում է, և մարդու գործունեությունը նրան չի սպառնում: Այդ տիպի նոր տեսակները շտապ կարգով Կարմիր գրքում ներառելու անհրաժեշտություն չկա, բայց մյուս տեսակը, որը հայտնաբերվել է Ամուլսարի տարածքում /Aeshna juncea/, ապրում է շատ սահմանափակ, փոքր կտոր հողի վրա, և մարդու գործունեությունն այդտեղ կարող է միանգամից ազդել և վերացնել այն. նման տեսակներին լուրջ է պետք վերաբերվել»,- եզրափակեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







