Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կոչ է արել միջամտել հայ գերիների ազատ արձակմանը, հայտնում է Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ղազախստանում պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ Արամ Ա-ն հայտարարել է, որ «հայ ժողովուրդը մեծապես երախտապարտ կլինի Արցախի կրոնական ու պատմական-մշակութային կառույցների պահպանման և հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման մասով, եթե նախագահ Պուտինը և Պատրիարք Կիրիլն անհրաժեշտ միջամտություն կատարեն Ադրբեջանի իշխանությունների մոտ»։
Ըստ հաղորդագրության՝ երկու հոգևոր առաջնորդները քննարկել են հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունն ավելի զարգացնելու հնարավորությունները։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։






































