Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից, Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա համատեքստում հայտնել է Արցախի մշակույթի նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ թանգարանը պահպանում էր մի շարք արցախցիների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։
Նախարարությունը նշել է, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներից 777 հայ շարունակում է համարվել անհետ կորած, 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը և 2023թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։
«Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել բռնի անհետացումների զոհերին պաշտպանելու և մշակութային ժառանգությունը պահպանելու իրենց առաքելությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը»,- ասված է հայտարարության մեջ։
2023 թվականին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ն հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։
2024 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։






































