Արցախի նախկին պետնախարար, գործարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն իր պաշտպանյալի «ազատ արձակման ճանապարհին մեծ քայլ առաջ» է անվանել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Գենսերը մեկնաբանել է օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թրամփի հանդիպման տեսագրությունից մի հատված: Թրամփը, հստակեցնելով, որ խոսքը 23 քրիստոնյաների (Բաքվում պահվող հայ գերիներ-AT) մասին է, խոստացել է Ադրբեջանի նախագահին խնդրել ազատ արձակել նրանց:
«Ես կարծում եմ, որ նա դա կանի ինձ համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Օգոստոսի 9-ին Փաշինյանը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ քանի դեռ հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, կարծում է, որ արդյունք չկա: Նրա խոսքով՝ գերիների թեման բարձրացվում է Բաքվի հետ բոլոր բանակցություններում և քննարկվում է ամենաբարձր մակարդակով, սակայն մանրամասները մեկնաբանելը դեռ վաղաժամ է:
Ադրբեջանում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։






































