Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում հերթական միջադեպն է տեղի ունեցել:
Երեկվանից ադրբեջանցիները բարձրախոսով հայերենով հորդորում են բնակիչներին լքել գյուղը՝ հայտարարելով, որ պատասխանատու չեն հետագա գործողությունների համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Խրամորթ համայնքի բնակչուհի Զամիրա Շամիրյանը։
Բնակչուհին պատմեց, որ փետրվարի 25-ին՝ ժամը 18:00-ին, ադրբեջանցիներն իրենց քարոզչական մեքենայով բարձրախոսներով հայտարարում էին, որ Խրամորթն ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք և լքեք տարածքը։
«Մի հինգ րոպե առաջ էլ կրկին բարձրախոսներով գրական հայերենով ասում են, որ իրենց տարածքն է։ Եթե ուզում ենք միասին համերաշխ ապրենք, պետք է դուրս գանք գյուղից։ Ասում են՝ հակառակ դեպքում, իրենք պատասխանատու չեն զոհերի համար։ Եկել, հասել են գյուղի մոտ, հենց մեր քթի տակ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խրամորթցին նաև հայտնեց, որ անգամ չեն կարողանում բակ դուրս գալ, գյուղացիները մնացել են բնակարաններում փակված։
«Քանի անգամ փախչենք, գնանք, որտե՞ղ գնանք։ Օրվա ընթացքում ցանկացած ժամի հայտարարում են, որ դուրս գանք։ Հրամայում են, որ այգիներում չաշխատենք, ինժեներական աշխատանքներ չկատարենք»,- ասաց մոր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ կրակոցներ գյուղի ուղղությամբ չեն հնչում, սակայն, ադրբեջանցիներն պնդում են, որ գյուղը չլքելու դեպքում կսկսեն նաև կրակել։
Մի քանի օր առաջ էլ է դարձյալ միջադեպ գրանցվել։ Սեփական խաղողի այգիներում աշխատող խրամորթցիներին ադրբեջանցիները սպառնացել ու ստիպել են հեռանալ տարածքից։ Գյուղացիները ստիպված կիսատ են թողել աշխատանքն ու վերադարձել։
Զամիրա Շամիրյանը նշեց, որ խաղողի այգիներն ադրբեջանցիների դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա են գտնվում։ Նա անհանգստացած ասում է՝ եթե անցած տարի գյուղացիները կարողացել են խաղաղապահների միջամտությամբ խաղողի բերքի գոնե մի մասը հավաքել, ապա այս տարի ոչ էլ կկարողանա այգիները մշակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







