Արցախում հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակին նշվում է որպես «Գյուղատնտեսության աշխատողի օր», որը վերջին ինը տարիների ընթացքում ձևավորված ու բոլորի կողմից շատ սիրված ավանդույթով ուղեկցվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղական արտադրության գյուղմթերքների մեծ ու շքեղ ցուցահանդես-տոնավաճառի անցկացմամբ:
Այս տարվա Բերքի տոնին առաջին անգամ մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության 7 մարզեր:
Միջոցառման մեկնարկը տրվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի օրհնանքի խոսքով, ապա մի խումբ պետական այրեր՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, շրջել են տոնավաճառի տաղավարներով, ծանոթացել ներկայացված տեսականուն, շփվել մասնակիցների հետ:
Այս տարվա հունիսից վաճառքի հանված «Նանե» թեյերը ևս ներկայացված էին Բերքի տոնին: Armenia today-ի հետ զրույցում «Նանե»-ի ներկայացուցիչ Լևոն Գաբրիելյանը նշել է, որ տեսականու հումքը հիմնականում հավաքվում է Արցախի բարձրադիր լեռներից, վաճառում են 7 տեսակի թեյեր: Ըստ նրա՝ թեյերի պատրաստման տեխնոլոգիան այնպիսին է, որ կողմնակի ազդեցություն չի թողնում: Իսկ Բերքի տոնին մասնակցելը համարում է բրենդի համար գովազդի լավ հնարավորություն:
5 տարի առաջ Արցախում հաստատված և վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում Աղավնոյի գյուղապետ ընտրված Անդրանիկ Չավուշյանն ասել է, որ նախկին տարիներին որպես գնորդ էր մասնակցում Բերքի տոնին, հիմա՝ որպես վաճառող: «Մինչ այստեղ տեղափոխվելս ոսկերիչ էի աշխատում, հիմա հողագործությամբ եմ զբաղվում և այն կարծիքին եմ, որ անմշակ ոչ մի թիզ հող չպետք է մնա Արցախում»,- նշել է հայրենադարձ գյուղապետը:
Հավելենք, որ Բերքի տոնն ուղեկցվել է ազգային երգերով, պարերով, ավանդական ճաշատեսակների ցուցադրությամբ ու վաճառքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







