Արցախցի երկու երիտասարդներ՝ Վաչագան Ավանեսյանն ու Արամ Ասլամյանը սկսել են պլաստիկե աղբի վերամշակման աշխատանքներ:
Պլաստիկի վերամշակմամբ զբաղվող «Էկո Սթեյթ» ՍՊԸ-ն հիմնադրելու գաղափարն առաջացել է, երբ 2018 թվականին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության երիտասարդական բաժինը կազմակերպել է «Համայնքի զարգացում՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում Վաչագանն ու Արամը այցելել են Գորիսում գործող պլաստիկի վերամշակմամբ զբաղվող «Մաքուր Գորիս» ՀԿ եւ տեղում որոշել՝ սեփական բիզնես սկսելու լավագույն տարբերակն է:
Մեծամասամբ համացանցից ստացված՝ աղբի վերամշակման վերաբերյալ ուսումնասիրություններն ամփոփվել են սոցիալական ձեռնարկատիրության բիզնես ծրագրում, որն իրագործելու են երեք փուլերով՝ հավաքագրում, գրանուլացիա և նոր իրերի պատրաստում:
Հավաքագրումը կատարում են երկու ձեւով՝ Ստեփանակերտի Հեքիմյան 3 հասցեում պլաստիկի ընդունման կետ բացելու միջոցով եւ «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում՝ աշխատողների կողմից Ստեփանակերտի կենտրոնական աղբանոցից պլաստիկ իրերի՝ պոլիէթիլային տոպրակների, շշերի եւ ցանկացած տեսակի ճկուն պլաստիկի հավաքման եւ հանձման միջոցով:
Պլաստիկն ընդունում են՝ 1 կգ դիմաց՝ 50-150 դրամ վճարով: Հավաքված պլաստիկը ուղարկվում է ՀՀ:
Այսօրվա դրությամբ՝ 1 ամսվա ընթացքում հավաքագրված պլաստիկի ծավալը շուրջ 3 տոննա է:
Աշխատանքների ընդլայնման արդյունքում ակնկալում են մեկ ամսվա կտրվածքով միայն Ստեփանակերտ քաղաքից հավաքել 20-30 տոննա պլաստիկ նյութեր:
Երիտասարդները նախատեսում են աստիճանաբար պլաստիկի վերամշակման բոլոր փուլերը իրականացնել տեղում:
Վաչագանն ու Արամը նաև աշխատանք ենք տանում բնակչության շրջանում աղբի, պլաստիկի տեսակավորման մշակույթը ձեւավորելու ուղղությամբ: Պատրաստվում են դասընթացներ անցկացնել մայրաքաղաքի եւ շրջանների տարբեր ուսումնական հաստատություններում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







