Կոնգրեսական Քրիս Սմիթը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենատարեց անդամը, կոչ է արել Ներկայացուցիչների պալատի պատկան մարմիններին առնվազն 50 միլիոն դոլար հատկացնել Արցախում սննդի անվտանգության, բնակարանային ապահովման, բժշկական օգնության, ենթակառուցվածքների և այլ հրատապ կարիքների համար՝ վկայակոչելով անցյալ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված հարձակման պատճառած հսկայական մահերն ու ավերածությունները։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթի ներկայացուցիչը նշել է, որ «2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերը սկսեցին աղետալի նվաճողական պատերազմ վիճելի Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով եղան հազարավոր զոհեր, հազարավորներն անօթևան դարձան և կենսական նշանակության ենթակառուցվածքները ոչնչացված են տարածաշրջանում՝ ընդգծելով «Արցախում հումանիտար օգնության համար 50 միլիոնից ոչ պակաս գումարի տրամադրումը` սննդի անվտանգության, բնակարանային ապահովման, բժշկական օգնության և կենսական ենթակառուցվածքների օժանդակման համար»:
Քրիս Սմիթը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ սիրիացի վարձկանների հավաքագրումն ու ֆինանսավորումը, որոնք Արցախի պատերազմում պայքարել են Ադրբեջանի կողմից և կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին ռազմական ցանկացած օժանդակություն ցուցաբերելը:
«Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել 200 հայ ռազմագերիներին»,- գրել է Քրիս Սմիթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







