Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատել Կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով:
Այսօր այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն` նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրկվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները»,- գրել է ԱՀ նախագահը։
Հարությունյանը նշել է, որ պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Ուստի հայտերը պետք է ԱՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը»,- գրել է ԱՀ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







