Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ջնջումը, այդ թվում՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը:
Էջմիածինը շեշտել է՝ ադրբեջանական կողմը հողին է հավասարեցրել Սուրբ Հակոբ եկեղեցին և դրա տարածքում գտնվող կոթողները՝ դրանք որակելով որպես «անօրինական կառույցներ»։
Մայր Աթոռը նաև խիստ մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի հնարավոր թիրախավորման և ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունների առնչությամբ։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից»,- ասված է հայտարարության մեջ։
Հայ Առաքելական եկեղեցին շեշտել է, որ պետական մակարդակով իրականացվող այս վանդալիզմը վկայում է Ադրբեջանի «հայատյաց քաղաքականության» անփոփոխ լինելու մասին։ Ըստ հայտարարության՝ նման գործողությունները կասկածելի են դարձնում Հայաստանի հետ կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու մասին Բաքվի հայտարարությունները։
Մայր Աթոռը դիմել է Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել մշակութային ոճրագործությունները կասեցնելու համար։
Ադրբեջանը, որը Արցախն օկուպացնելուց հետո վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը, ապրիլին ավերել էր նաև Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը:
Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել էր Բաքվին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Ստեփանակերտի մայր տաճարի քանդման հարցը որպես միջազգային քննարկման թեմա չի դիտարկում։






































