Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստումը Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու նպատակով։
Զոնաբենդը հայտնել է, որ նախաձեռնության շրջանակում հրապարակային նամակներ է հղել միջազգային և պետական մի շարք կառույցների՝ խնդրելով աջակցել այցի կազմակերպմանն ու ապահովել պատվիրակության անդամների անվտանգությունը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը բացառապես մարդասիրական նպատակ ունի. նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ, տեսակցություն Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրերը։
«Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով»,- նշել է Զոնաբենդը։
Նա ընդգծել է, որ այցի բոլոր փուլերը՝ Ադրբեջան մուտքը, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների անվտանգ վերադարձը, պետք է լինեն կանխատեսելի և համաձայնեցված։
«Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով և անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար»,- գրել է նա։
Զոնաբենդը հայտնել է, որ բաց նամակներով դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, խնդրելով աջակցել այցի կազմակերպմանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ կազմակերպության մանդատի շրջանակում հնարավոր աջակցության հարցով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կառավարության հնարավոր աջակցության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական աջակցության խնդրանքով։
Զոնաբենդի խոսքով՝ երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։
«Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»,- նշել է նա։
Հունիսին Զոնաբենդը հայտարարել էր, որ հայ գերիներին այցելելու նպատակով մտադիր է ձևավորել պատվիրակություն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է հենց Վարդանյանի խնդրանքով։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո միջազգային ոչ մի կառույց չի այցելել հայ գերիներին։






































