Ադրբեջանն Արցախի օկուպացված որոշ տարածքներ 2021-ից ներառում է զբոսաշրջային ուղղությունների մեջ, հայտնում է Monument Watch-ը։
Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության՝ պատրաստվել են Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման հայեցակարգերը։ Մշակվել է նաև «Հաղթանակի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որն սկիզբ է առնում Վարանդայի շրջանից։ Նախագիծը շեշտել է, որ կազմակերպվող այցելությունները կրում են քարոզչական բնույթ։
«Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարության հիմքում ընկած նարատիվը կառուցված է պարզ տրամաբանության վրա․ մինչ «ազատագրումը» տարածքը ներկայացվում է որպես դատարկ, հետամնաց կամ անկենսունակ, իսկ դրանից հետո՝ որպես զարգացող, բաց ներդրումների համար, միջազգային միջոցառումներ հյուրընկալող տարածաշրջան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սակայն այցելել Արցախ կարելի է միայն հատուկ թույլատրությամբ, ինչն իրականացվում է մի շարք պետական հարթակների միջոցով։ Մասնավոր մեքենաներով ուղևորությունների թույլտվության ժամկետը 5 օր է: Անձնական մեքենայով հնարավոր է մեկնել միայն մի քանի թույլատրված ուղղությամբ։ 2025 թվականի հուլիսից սկսած՝ օտարերկրյա քաղաքացիներին նույնպես թույլ է տրվել համապատասխան թույլտվություններ ստանալով այցելել Արցախ։
«Մեր ճանապարհը դեպի Ղարաբաղ» պետական հարթակում անցկացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին տարածաշրջան է այցելել, ընդհանուր առմամբ, 2 մլն 549 հազար 857 մարդ։ Այցելությունների թվով առաջին տեղում են Շուշին, Լաչինը և Ստեփանակերտը։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձան, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
2025 թվականի դեկտեմբերին Artsakh Monuments-ը հայտնել էր, որ ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի էին ենթարկել Արցախի Մարտակերտի շրջանի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը։ Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում էր հայտնվել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







