Բաքվում տեղի ունեցած «դատական» նիստի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին դատարան կանչելու վերաբերյալ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վարդանյանը հայտարարել է, որ միջնորդությունը կապված է իր դեմ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական հատելու» հետ։ «Դատարանը» մերժել է միջնորդությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշևը խնդրել է պաշտպանության կողմին տրամադրել նախկինում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումներից քաղվածքներ։ Դատավորը նշել է, որ քաղվածքները տրամադրվել են պաշտպանության կողմին, և նրանք կկարողանան օգտվել այս իրավունքից ապագայում։
Նիստի ժամանակ նաև լսել են «տուժողների ցուցմունքները» և ընթերցել «քրեական գործի» փաստաթղթերը։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։
Բաքվում ընթացող մյուս գերիների «դատական» նիստին հայտարարվել էր, որ գործով «դատաքննությունն» ավարտվել է և նրանց դեմ նախկինում առաջադրված մեղադրանքները կվերանայվեն։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։






































