Ավելի քան 4300 միգրանտ կարտաքսվի Ռուսաստանից Մոսկվայի մարզում անցկացված «Անօրինական միգրանտ-2025» գործողության արդյունքներով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տատյանա Պետրովայի խոսքով՝ գործողության երկու փուլերի ընթացքում միգրացիոն ոլորտում արձանագրվել է 15 700 վարչական իրավախախտում։
Ոստիկանները կազմել են ավելի քան 10 000 արձանագրություն՝ ՌԴ-ում մնալու ռեժիմի խախտման (ԸՕ 18.8-րդ հոդված), ինչպես նաև ավելի քան 2100 արձանագրություն՝ ապօրինի աշխատանք իրականացնելու (ԸՕ 18.10-րդ հոդված) համար։ Բացի այդ, ավելի քան 1600 արձանագրություն է կազմվել գործատուների նկատմամբ՝ օտարերկրացիներին անօրինական աշխատանքի ընդունելու (ԸՕ 18.15-րդ հոդված) համար, նշել է Պետրովան։
Գործողության շրջանակում հարուցվել է 748 քրեական գործ:
«Անօրինական միգրանտ» գործողության առաջին փուլն անցկացվել էր հունիսի 16-25-ը, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 13-22-ը։





































