Ադրբեջանում անցկացվել են բազմազգ հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ: Հաղորդվել է, որ զորավարժություններում ներգրավված էին զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:
Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն էր «փորձի փոխանակումը բարեկամ և դաշնակից երկրների հատուկ նշանակության ուժերի միջև համատեղ հատուկ գործողությունների միջոցով, փոխգործակցության կազմակերպման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունների և հմտությունների զարգացումը»։
Զորավարժությունների մասնակիցները կատարել են մարտական պատրաստության առաջադրանքներ՝ կրակոցներ, պարաշյուտային թռիչքներ, դիպուկահարային կրակոցներ, ինչպես նաև բնակեցված տարածքն ազատել թշնամուց։






































