Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ստավրոպոլի երկրամասում Ադրբեջանի քաղաքացու ձերբակալման մասին, որն, ըստ գերատեսչության, Ուկրաինայի հատուկ ծառայությունների հրահանգներով նախապատրաստում էր մի շարք դիվերսիոն գործողություններ, հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի՝ ձերբակալվածը Եսենտուկիում և Ստավրոպոլի օբյեկտներում, այդ թվում՝ վարչական շենքերում և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում հետախուզություն էր իրականացնում: Նա պայթուցիկ նյութեր պատրաստելու համար բաղադրիչներ էր ձեռք բերել և դրանք թաքստոցում տեղադրել:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կապել էր AZAL ինքնաթիռի կործանման և դրանից հետո ռուս պաշտոնյաների վարքագծի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «սուտ» և «կեղծ լուր» էր անվանել 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված ապահովագրական միջոցների չվճարման մասին հաղորդագրությունը։





































