Թուրքիայի գործուն մասնակցությամբ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է իր ռազմական հաջողությունների հարցում տարանջատվել Թուրքիայից` իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանային դերակատարի, հենց Թուրքիայի պաշտոնական շրջանակներն են հաստատել թուրքական բանակի և նրա հետախուզության գործուն ներկայությունն ադրբեջանական բանակի արդիականացման և Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական գործողություններում:
«Մինչև հայաստանյան ռեժիմը մտածում է բանակում ծառայության ժամկետների կրճատման, ռազմական բյուջեի հնարավոր նվազեցման ուղղությամբ, առկա խնդիրների նկատմամբ «ջայլամային քաղաքականություն» է վարում, Ադրբեջանը` Թուրքիայի գործուն մասնակցությամբ, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը»,- գրել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և այս լուրը գուցե ուշադրության չարժանանար, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չփոխանցեին, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը:
Օգոստոսի 21-ին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ներուժը, մատակարարվել են ամենաժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր, պայմանագրեր են կնքվել մարտական նոր ինքնաթիռների գնման համար։ Նա ընդգծել էր, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն պատերազմի, քանի որ «աշխարհում իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղն ինչ կլինի»։
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը չի նախատեսում զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը 2026 թվականի պետական բյուջեում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







