Այս պահին Իրանում գործող տասներորդ գումարման խորհրդարանը պաշտոնապես կդադարեցնի իր աշխատանքը մայիսի 26-ին, հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Տասներորդ գումարման խորհրդարանի աշխատանքի վերջնական ամսաթիվը մայիսի 26 -ն է»,-նրա խոսքը մեջբերում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ընդ որում, Աբասին նշել է, որ բաց նստաշրջանները խորհրդարանը կանցկացնի մինչև մայիսի 20-ը, որից հետո նման նիստեր չեն անցկացվի՝ կապված սրբազան ամիս Ռամադանի ավարտի տոնակատարությունների հետ։
Ավելի վաղ Իրանում տեղի են ունեցել 11-րդ գումարման միապալատ խորհրդարանի ընտրություններ: Փետրվարի 21-ին 290 պատգամավորական աթոռի համար պայքարել է ավելի քան7000 մարդ։ Բացարձակ մեծամասնություն են ստացել պահպանողականները, փորձագետների գնահատականներով՝ 200 տեղ։ Տեղերի հստակ բաշխումը տեղի կունենա ավելի ուշ, քանի որ որոշ շրջաններում ծրագրվում է երկրորդ փուլ անցկացնել։ Սակայն երկրորդ փուլի անցկացումը կորոնավիրուսի պատճառով ապրիլից տեղափոխվել է սեպտեմբեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







