Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է IRNA-ն:
Գործակալության տվյալներով՝ Փեզեշքիանը «գոհունակություն է հայտնել Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ` շնորհավորելով երկու երկրներին հակամարտության չորս տասնամյակի ավարտի կապակցությամբ»:
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումն ու կայունությունը տարածաշրջանում, հատկապես հարևանների շրջանում՝ պահպանելով նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:
Նշվում է, որ Փեզեշքիանը նաև բարձր է գնահատել Իրանի և Հայաստանի միջև առկա ամուր հարաբերությունները և երկու կողմերի պաշտոնյաներին կոչ է արել աշխատել տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Փաշինյանն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի դերն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանն աջակցելու գործում: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու բանակցություններն ու խորհրդակցությունները համաձայնագրի իրականացման և տարածաշրջանային երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ կողմերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը զրույցի ընթացքում Իրանի նախագահին տեղեկացրել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման մասին: