«Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը հայտնել է իր վրա կատարված հարձակման մասին, Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի հետաքննություն է սկսել:
Ինչպես Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է Միրզոյանը, ապրիլի 21-ի երեկոյան, երբ կազմակերպության գրասենյակից տուն էր գնում, իր վրա հարձակվել են դիմակավորված երեք անձինք ։
Նրա խոսքով՝ հարձակվողներից մեկը տեսանկարահանել է տեղի ունեցածը, իսկ մյուս երկուսը հարվածներ են հասցրել իրեն, ինչպես նաև ջարդել հեռախոսը: Միրզոյանը պատմել է, որ ինքը դիմադրություն է ցույց տվել, նաև աղմուկ է բարձրացել, որից հետո հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի:
«Ես վստահ եմ, որ տեղի ունեցածը կապված է ապրիլի 23-24-ի միջոցառումների հետ։ Փորձում են խոչընդոտներ ստեղծել և վախեցնել մեզ», — հայտարարել է նա։ Միրզոյանը կոչ է արել թբիլիսահայերին ապրիլի 24-ին մասնակցել դեպի Թուրքիայի դեսպանատուն նախատեսված երթին։
Ավելի վաղ նա Facebook-ում տեղեկացրել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր ղեկավարած կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումների մասին: Մասնավորապես, ապրիլի 23-ին նախատեսվում է ջահերով երթ Թբիլիսիում, իսկ ապրիլի 24-ին նախատեսվում է երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Ինչպես հաղորդել է «Эхо Кавказа» — ն՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Միրզոյանի վրա հարձակման կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել խմբակային բռնության հոդվածով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







