Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարևոր է միայն խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա այս մասին հայտարարել է՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երևանի և Բաքվի միջև միջնորդ լինելու մասին Եգիպտոսի պատրաստակամությանը:
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպես արդեն ասացի, Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանի դելիմիտացիայի միջոցառումները, վստահության ամրապնդումը հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստումը»,- ասել է նա:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Երևանում հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում միջնորդի դեր ստանձնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







