«Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը կարևոր է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համար»:
Այս մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քենանին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հանդիպման հետ կապված ադրբեջանական APA-ի հարցին։
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի անդամներ են։ «Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները և պետությունները մտադիր են միջանցքն օգտագործել տարանցիկ նպատակներով, ուստի այդ միջանցքի զարգացումը կարևոր է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար»:
Նա հավելել է, որ Բաքվում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են միջանցքի հարցերը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ երթուղու օգտագործման զարգացման վերաբերյալ:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իրանի կառավարությունները ընդհանուր քաղաքական կամք ունեն: «Երկու երկրների նախագահների, նախարարների և այլ պաշտոնատար անձանց քաղաքական կամքի շնորհիվ երկու երկրների միջև կապերն ու համագործակցության մթնոլորտը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և զարգանում են օրեցօր։ Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունները քաղաքական և ռազմական անվտանգության ոլորտներում տարբեր մակարդակներով քննարկումներ են անցկացրել, նաև ամրապնդվում են տնտեսական կապերը»։
Քենանին ընդգծել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները միշտ էլ կարևոր են եղել Իրանի համար, և երկիրը բարձր մակարդակով բացահայտ հայտարարում է իր դիրքորոշման մասին:
Վերջում նա ասել է, որ Իրանը աջակցել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության վերականգնմանը:
Հիշեցնենք, որ Armenia Today-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծիք էր հայտնել, որ հայկական կողմը ձախողեց «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման մեր ծրագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







