Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը հեռախոսով քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, հայ-ադրբեջանական հակամարտության գոտում և Բրյուսելում Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման խնդրին։
«Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եվրոպական խորհրդի ղեկավարը և ՌԴ նախագահը մանրամասն քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակի զարգացումը։ Շառլ Միշելը Կիև կատարած իր վերջին այցի ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի ղեկավարության հետ շփումների մասին։
Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր հիմնարար գնահատականները՝ կապված հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական գործողության հետ։ Նշվել է, որ Մարիուպոլի ազատագրումից հետո մարդասիրական նկատառումներով հրաման է տրվել չեղյալ համարել «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու գրոհը։
ՌԴ նախագահը խոսել է խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շարունակական միջոցառումների, մարդասիրական միջանցքների ամենօրյա բացման և մարտական գոտուց խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար լռության ռեժիմի հայտարարման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







