ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արված այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դուրս բերի բոլոր զորքերն Արցախից։
«Իրենք իրենց պահանջներից երբեք չեն հրաժարվելու։ Ադրբեջանը շատ ցանկություններ ունի, և մեր իշխանությունները բավարարում են այդ ցանկությունները»,- նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը վերահաստատեց, որ պայքարը գործող իշխանությունների այս քաղաքականության դեմ նոր թափով են շարունակելու։ «Ընդունում եմ, որ մեր քայլերն այս իմաստով դանդաղել են։ Հայաստանում մթնոլորտը փոխվում է, և այն մտայնությունը, որ այս պարտվողականությունը կանցնի, չի հաստատվում»,-նշեց նա։
Անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցմանը՝ Սաղաթելյանը նշեց, որ Դաշնակցությունը երբեք չի հրաժարվի իր պայքարից։ «Մենք վիժեցնելու ենք հայ-թուրքական այս սիրախաղը։ Հայաստանը չպետք է դառնա թուրքական վիլայեթ։ Ամեն ինչ անելու ենք, որ հայ-թուրքական հաշտեցման որևէ փաստաթուղթ չստորագրվի»,- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






