Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է Թուրքիայի և Ռուսաստանի մեծ դերը Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում։ Նա գտնում է՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափը բավարար է տարածաշրջանում նոր պատերազմի ռիսկերը վերացնելու համար: Այս մասին փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը։
«Այսօր որոշվել են տարածաշրջանում համագործակցության իրական գործնական շրջանակները։ Ռուս-թուրքական համագործակցությունը մեր տարածաշրջանում կայունության երաշխիքն է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, և մենք մշտական կապի մեջ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,- ասել է Ալիևը։
Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է բացառել տարածաշրջանում որևէ պատերազմի ռիսկը։ «Մեզ համար բավարար է հետևյալ ձևաչափը ՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան։ Ով ուզում է, նա կարող է միանալ, ով չի ուզում, ինքը գիտի։ Ամեն դեպքում, տարածաշրջանում ոչ մի նախաձեռնություն այսօր չի կարող իրականացվել առանց Ադրբեջանի համաձայնության։ Դա պետք է իմանա յուրաքանչյուրը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







