Ադրբեջանի Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները բնորոշել է որպես լուրջ և դժվարին։
«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրինք 3,5 ժամ տևող բանակցություններ։ Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և դժվարին էին։ Ցավոք, դեռևս կան չլուծված հարցեր»,- մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը» Մամեդյարովի խոսքերը։
Նախարարն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել։ «Իհարկե, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը կապահովի հայկական զորքերի անհապաղ, լիարժեք և անխոս դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և այլ բռնազավթված տարածքներից, ինչպես այն սահմանված է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի համար, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»,-հայտարարել է Մամեդյարովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







