Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը, հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ)։
Ըստ գերատեսչության՝ տեխնիկական հանդիպմանը կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումները և պայմանավորվել համակարգել երկու երկրի իրավասու մարմինների գործողությունները՝ ծրագիրն առաջ մղելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ կառավարությունն ամեն օր աշխատում է TRIPP-ի գործնական աշխատանքները մեկնարկելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ կոնկրետ քննարկումներ են ընթանում նավթամուղի, գազամուղի կառուցման և էլեկտրահաղորդման գծերի տեղակայման վերաբերյալ։
Ավելի վաղ նա ասել էր, որ TRIPP-ի շրջանակում առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել էլեկտրահաղորդման գծերը։
TRIPP-ի իրականացման մասին դրույթն ամրագրվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում։
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը օգոստոսի 10-ի համատեղ հայտարարությունում հայտնել էին, որ աջակցում են նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։ Փաշինյանը նաև խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը միացնելու ծրագրերի մասին՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







