Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել և բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում SOCAR ընկերության ավտոլցակայանին անօդաչու թռչող սարքով հարվածելուց հետո, hայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Բաքուն «վճռական բողոք» է հայտնել հուլիսի 5-ի երեկոյան SOCAR-ի օբյեկտի վրա կատարված հարձակման կապակցությամբ։ ԱԳՆ-ում հայտարարել են, որ նախկինում հարվածների են ենթարկվել նաև Ուկրաինայում ընկերության այլ օբյեկտներ, այդ թվում՝ գազաբաշխիչ կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթաբազան։
Գերատեսչության տեղեկությամբ՝ հարձակումների հետևանքով SOCAR-ը նյութական վնաս է կրել, տուժել են ընկերության աշխատակիցներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ, չնայած բազմաթիվ դիմումներին, նման միջադեպերի կրկնությունը «վկայում է դրանց նպատակաուղղված բնույթի մասին»։
Բացի այդ, ադրբեջանական կողմը մատնանշել է Կիևում երկրի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերի վնասումը։
Բաքուն Մոսկվային կոչ է արել հետաքննություն անցկացնել, պարզաբանումներ տրամադրել միջադեպերի վերաբերյալ և ապահովել քաղաքացիական օբյեկտների և դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտպանության միջազգային պարտավորությունների կատարումը։
SOCAR-ն Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունն է, որը գործունեություն է ծավալում նաև Ուկրաինայում՝ SOCAR Energy Ukraine ընկերության միջոցով։ 2022 թվականի փետրվարից Ռուսաստանը և Ուկրաինան գտնվում են լայնածավալ ռազմական հակամարտության մեջ։






































