Օմանի ափերի երկայնքով Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը կտրուկ նվազել է, երբ հանգստյան օրերին մի քանի նավ այդ շրջանում փոխել է ուղղությունը, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 3-ին և 4-ին առնվազն 8 նավ, որոնք շարժվում էին Օմանի ափով, անսպասելիորեն փոխել է ուղին։ Դրանցից 4-ը փոխել է ընթացքը և նեղուցից դուրս եկել Իրանի ափերի երկայնքով անցնող երթուղով։ Ուղղությունը փոխած նավերի թվում էին նավթատար տանկերներ, բալկերներ և ավտոփոխադրող նավեր։
Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ հուլիսի 4-ին նեղուցը երկու ուղղությամբ հատել է 19 նավ, սակայն դրանցից միայն մեկն է բացահայտ հայտարարել Օմանի երթուղով անցնելու մասին (հուլիսի 3-ին այդ երթուղով անցել էր 13 նավ)։
Գործակալությունը նշում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ չեն ստացվել։ Այդուհանդերձ, Թեհրանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ նավերը նեղուցով պետք է անցնեն բացառապես Իրանի կողմից հաստատված երթուղիներով, գրել է պարբերականը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։ Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։
Լարվածությունը սրվել էր վերջին օրերին Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ զարգացումների և ԱՄՆ-ի ու Իրանի փոխադարձ հարվածների ֆոնին։ ԱՄՆ-ն նոր հարվածներ էր հասցրել Իրանի թիրախներին, Թեհրանը պատասխանել էր ԱՄՆ ուժերի հետ կապված օբյեկտների ուղղությամբ հարվածներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



